Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրան Պրիի 8-րդ տուրում

19:48, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հերթական տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսպանիայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 8-րդ տուրում Արոնյանը մրցում էր Եվգենի Տոմաշևսկու հետ: Գրոսմայստերներն արագ կիսեցին միավորը: Այժմ Արոնյանն ունի 5 միավոր:

Ընդհանուր հաշվարկով «Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան պրիի» խաղարկությունում: Թեյմուրազ Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:


© 2009 ARMENPRESS.am