Դեսպան Կիրակոսյանը կարևորել է Հայաստանի համար նախատեսված ԱԷՄԳ ծրագրերի  լիարժեք իրագործումը

19:08, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նստաշրջանի նոյեմբերի 23-ի նիստում ԱԷՄԳ-ում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ելույթ է ունեցեկ տեխնիկական համագործակցությանը նվիրված քննարկմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Անդրադառնալով քննարկմանը ներկայացված 2018-2019թթ. Տեխնիկական համագործակցության ծրագրին նվիրված ԱԷՄԳ Գլխավոր քարտուղար Ամանոյի զեկույցին՝ դեսպան Կիրակոսյանը նշեց, որ 1993թ. ԱԷՄԳ-ին իր անդամակցությունից ի վեր Հայաստանն ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն է ծավալել կառույցի Տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում։ Դեսպանն ընդգծեց, որ ԱԷՄԳ Տեխնիկական համագործացության ծրագիրը վայելում է Հայաստանի Հանրապետության կառավարության անվերապահ աջակցությունը՝ նշելով, որ համագործակցությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ և անվտանգ օգտագործման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առողջապահությունը, բնապահպանությունը, միջուկային անվտանգության կարգավորման դաշտի բարելավումը և այլն, արդեն իսկ տվել է շոշափելի արդյունքներ։

Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ 2018–2019թթ. Տեխնիկական համագործակցության ծրագրում ընդգրկված բնագավառների շրջանակը լավագույնս արտացոլում է կայուն զարգացման գերակայությունները և այդ տեսանկյունից շեշտեց Հայաստանի համար նախատեսված ծրագրերի լիարժեք իրագործման կարևորությունը։
 


© 2009 ARMENPRESS.am