Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունը մասնակցել է Գրքի երևանյան փառատոնին

18:00, 24 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան փառատոնի ցուցահանդես-տոնավաճառում բազմաժանր գրքերով հարուստ տաղավար էր պատրաստել  Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունը: Ցուցադրված  էին ինչպես տպագիր գրքեր, այնպես էլ` ձայնագրություններ:

«Տեսողության խնդիրներ ունեցող երիտասարդները և հասուն մարդիկ տարբեր գրականություն են նախընտրում: Նրանք սիրում են կարդալ և՛ պոեզիա, և՛ պատմահայրենասիրական ստեղծագործություններ: Ընթերցում են նաև սիրերգական  գրքեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի կույրերի միավորման հրատարակչության տնօրեն Թելման Բոյաջյանը:

Նրա խոսքով` իրենք հրատարակում են ինչպես հայ դասական, ժամանակակից, այնպես էլ արտասահմանյան գրականություն:

«Գրքի երևանյան փառատոնի շրջանակում մեր ներկայացրած գրքերը չեն վաճառվում, միայն ցուցադրվում են, քանի որ մենք սահմանափակ տպաքանակով ենք տպագրում դրանք և բաշխում միավորման գրադարանին: Ընդգծեմ, որ կույրերը հաճախ և սիրով են օգտվում այդ գրադարանից»,- շեշտեց Բոյաջյանը:

Անդրադառնալով կույրերի համար նախատեսված գրքերի տպագրման բրայլյան համակարգին` նա ասաց, որ այն ստեղծել է ֆրանսիացի տիֆլոմանկավարժ Լուի Բրայլը, ում անունով անվանվել է համակարգը: «Դա ուռուցիկ կետային համակարգ է, որտեղ կիրառվում է համարակալված կետերի զուգորդված համակցումը: Մարդիկ շոշափելիքով հեշտությամբ ընկալում են այն ու սովորական տեմպով կարդում գիրքը:

Համակարգը հայոց այբուբենին հարմարեցրել է Նիկողայոս Տիգրանյանը` Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում մանկավարժական աշխատանք  կատարելիս: Այնտեղ բավականին շատ էին կույր որբերը»,-ասաց Թելման Բոյաջյանը:

Հայաստանի կույրերի միավորումը իր սեփական տպարանը հիմնել է 1956 թվականին: Տպարանի առաջին հրատարակած գիրքը Եղիշե Չարենցի երկերի ժողովածուն էր: 1965-ին տպարանը նաև խոսող գրքեր է սկսել ստեղծել: Առաջինը ձայնագրվել է «Սասունցի Դավիթ» էպոսը:

Հրատարակչության տնօրենը շեշտեց, որ նման գրքեր տպելը բավականին լուրջ մասնագիտական պատրաստվածություն է պահանջում: Նրանք, ովքեր կարող են լիարժեք աշխատել այդ գործում, քիչ են:

 


© 2009 ARMENPRESS.am