ՀՀ դեսպանը Վարշավայի համալսարանում ներկայացրել է Արցախի հիմնախնդրի պատմությունը

16:14, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նոյեմբերի 21-ին «ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դասախոսության ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի մասնակցությանը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանը և այլն: Դեսպան Ղազարյան խոսեց նաև Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ այս համատեքստում ընդգծելով նաև Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և դրա կարևորությունը:

Առանձին անդրադարձ կատարվեց նաև հայ-լեհական փոխհարաբերություններին, Հայաստանի և Լեհաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը` նշելով, որ տարեցտարի Լեհաստանում մեծանում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և բազմաթիվ լեհ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան մեր երկրի պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:

Այնուհետև դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաների հարցերին:


© 2009 ARMENPRESS.am