Վարչապետը Պետական գույքի կառավարման վարչությունից մինչ տարեվերջ սպասում է մեծածավալ գործարքներ

13:34, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի Փոռ բնակավայրում գտնվող 3 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ շենքը ու դրա զբաղեցրած օգտագործման համար հողատարածքը կնվիրաբերվի Վայք համայնքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ շենքը նվիրաբերվում է Վայքին՝ այն վերանորոգելու, համայնքի վարչական ներկայացուցչություն, գրադարան տեղակայելու, երեխաների ցերեկային խնամքի կենտրոն հիմնելու ու մանկական խաղահրապարակ կառուցելու պայմանով:

«Համայնքը պարտավորվել է իրականացնել շուրջ 2 միլիոն 100 հազար դրամի ներդրում»,- ասաց Պետգույքի կառավարման վարչության պետը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ Արման Սահակյանի գլխավորած կառույցից մինչ տարեվերջ սպասում է շատ գործարքներ: Վարչապետը հույս հայտնեց, որ վարչությունը կհասցնի դրանք իրականացնել: Կարեն Կարապետյանն ասաց, որ դրա հիման վրա էլ կորոշեն վարչության՝ 2018 թվականի աշխատանքային պլանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am