ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները մեկ փաթեթի մեջ դիտարկելու Լավրովի հայտարարությունը հստակ ուղերձ էր Բաքվին. Շարմազանով

22:39, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած ասուլիսի ընթացքում հստակ ուղերձ հղեց Բաքվին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր սկզբունքները պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի մեջ և չի կարելի դրանց մի մասն առանձնացնել ու խոսել բացառապես դրա մասին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գիտենք, որ Ադրբեջանն է մշտապես առանձնացնում տարածքային ամբողջականության սկզբունքը և խոսում միայն հակամարտությունը տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում կարգավորելու մասին՝ անտեսելով ինքնորոշման իրավունքի և ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքները: Սերգեյ Լավրովը փաստեց, որ այդ երեք սկզբունքնդերը պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթի մեջ: Այսինքն, ևսա մեկ անգամ վերահաստատվեց, որ ինքնորոշման իրավունքն անքակտելի սկզբունք է, և առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման կարգավորումն անհնար է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորեց նաև Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ չնայած ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ոչ այնքան հարթ հարաբերություններին:

Մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ անհապաղ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևյան պայմանավորվածությունները՝ Շարմազանովը շեշտեց, որ դա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Հայաստանը չի փոխել իր դիրքորոշումը և կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը  Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:

 


© 2009 ARMENPRESS.am