Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը կիրականացնի սոցիալական նշանակության ավանդական ծրագրեր

21:28, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպվող սոցիալական ծրագրերին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նա  քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին, աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է Ամանորին ընդառաջ իրականացնել արդեն ավանդական դարձած սոցիալական նշանակության մի շարք ծրագրեր:

«Ամանորի տոնական միջոցառումներից զատ, շատ կարևոր են նաև սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերը, որոնք տարբեր առիթներով պարբերաբար իրականացվում են Երևանի քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում:

Արդեն ավանդույթի համաձայն՝ Ամանորին ընդառաջ մի շարք ծրագրեր են իրականացվում հոգածության կարիք ունեցող մեր մի շարք համաքաղաքացիների համար՝ պարենային փաթեթների և քաղցրավենիքի նվերների տեսքով: Սոցիալական ծրագրերի իրականացումը մեր առաջնահերթություններից է»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ դրանք պետք է լինեն շարունակական։

 


© 2009 ARMENPRESS.am