Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների

18:47, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում անցկացվող «Ժամանակակից անհատների հոգևոր-իրավական պահվածքի մարտահրավերները և դրանց հաղթահարման հրամայականները» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Իտալիա է այցելել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը: Գիտաժողովը կազմակերպվել էր «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի և Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության իրավասության տակ գտնվող Քահանայապետական արևելյան ինստիտուտի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նոյեմբերի 18-ին՝ երեկոյան Հռոմի Կոլոննա պալատի «Կարդինալի դահլիճում» Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի անունից պաշտոնական ընթրիք տրվեց՝ ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի և միջազգային գիտաժողովի մասնակիցների: Ընթրիքին ներկա էր նաև Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, որի օրհնությամբ էլ սկսվեց երեկոն:

Երեկոյի ընթացքում «Կոմունիոնե է Լիբերացիոնե» կաթոլիկ հեղինակավոր շարժման կողմից հյուրերին ներկայացվեց Ֆրանցիսկոս Պապի հավանությանն արժանացած #StandTogether – A shared project for Christian minorities վեբ կայքի ստեղծման նախաձեռնությունը, որի նպատակն է աշխարհում սփռված քրիստոնյա փոքրամասնությունների մասին համապարփակ տեղեկություններ հաղորդել և անդրադառնալ նրանց հուզող հարցերին: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունն այդ նախաձեռնության ջատագովներից է:

Երեկոն եզրափակվեց հայկական դուդուկի կատարումներով:

Ընթրիքին մասնակցում էին նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դեսպաններ, Սուրբ Աթոռի Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ»: 




© 2009 ARMENPRESS.am