Տարկետման իրավունքի իրացման քաղաքականությունն իրականացվելու է կառավարության որոշումներով. Կորյուն Նահապետյան

16:30, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուսումնառության նպատակով տարկետման  իրավունքի իրացման քաղաքականությունն ամբողջ ծավալով իրականացվելու է օրենքի հիման վրա ընդունված կառավարության համապատասխան որոշումներով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն առայժմ ընդունվել է միայն Ազգային ժողովի կողմից, սակայն հանրապետության նախագահն այն դեռ չի ստուգել: Երբ նախագահն այն կստորագրի, և օրենքն ուժի մեջ կմտնի,  սահմանված ժամկետում կառավարությունը և պաշտպանության նախարարությունը պետք է ընդունեն համապատասխան իրավական ակտեր: Ուսումնառության նպատակով տարկետման  իրավունքի իրացման քաղաքականությունն ամբողջ ծավալով իրականացվելու է օրենքի հիման վրա ընդունված կառավարության համապատասխան որոշումներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Նահապետյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում մեկնարկելու են օրենքում խնդիրներ տեսնող ուսանողների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կլոր սեղան-քննարկումները: «Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, քանի որ մենք միշտ պատրաստակամ ենք եղել հանդիպել, քննարկել հասարակության տարբեր շերտերի հետ խնդրահարույց տարբեր հարցեր, և սա նույնպես վկայում է այն մասին, որ խորհրդարանը պատրաստ է քննարկման առարկա դարձնել նոր օրենքի հետ կապված խնդիրները: Ես կարծում եմ, որ այդ շրջանակում մենք կարող ենք համակողմանի քննարկում ունենալ, լսել երիտասարդների դիրքորոշումները, մոտեցումները, քննարկման առարկա դարձնել, գտնել համապատասխան լուծումներ»,- նշեց նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am