Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ

15:55, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, անդրադառանալով անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի  առևտրի և սպասարկումների վարչությանը,  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և ակտիվացնել  իրազեկման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու այս խնդրին: Օրենքի սահմաններում քայլեր են ձեռնարկվել  ինչպես անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու, այնպես էլ իրավախախտ տնտեսվարողներին տուգանելու ուղղությամբ:

Թեև աշխատանքները կրում են շարունակական բնույթ, բայց կարծես թե դրանք բավարար չեն և հարկավոր է ուժեղացնել  հոսկողությունն ու իրազեկման աշխատանքներն այս ուղղությամբ: Ըստ այդմ, քաղաքային ոստիկանության հետ ձեռնարկեք համապատասխան միջոցներ՝ կազմակերպելով  շրջայցեր համապատասխան օբյեկտներ: Մեկ անգամ ևս զգուշացրեք  տնտեսվարողներին, որ օրենքը խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:


© 2009 ARMENPRESS.am