Ուշի ուշով հետևում ենք ԼՂ հիմնախնդրի զարգացումներին. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

11:32, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գրեմինգերն ասել է RBK-ին տված հարցազրույցում:

«Մենք ուշի ուշով հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Ունենք հատուկ գործիք՝ առաքելություն, որը գլխավորում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այդ առաքելության աշխատակիցները հետևում են շփման գծի իրադրությանը»,- նշել է Գրեմինգերը:

Նա խիստ մտահոգիչ է անվանել ոչ վաղ անցյալում ԼՂ հիմնախնդրում առկա լարումները: «Որպես գլխավոր քարտուղար իմ դերակատարությունը կայանում է նրանում, որ աջակցություն ցուցաբերվի Մինսկի խմբի երեք համանախագահներին, ում ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:


© 2009 ARMENPRESS.am