Կառավարությունում քննարկել են ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

18:50, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն նոյեմբերի 20-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Ընկերությունների ներկայացուցիչները ոլորտի հետագա զարգացման տեսանկյունից կարևորել են հիմնականում չորս՝ կրթական բարեփոխումների, վերազգային կորպորացիների ներգրավման, ստարտափերի խթանման, թվային օրակարգի իրականացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այս բնագավառի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առաջարկելով ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ հստակ ու որոշակի միջոցառումների հաջորդականությամբ և պետական մարմինների ու մասնավոր հատվածի հստակ գործառույթներով: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, և ակնկալում է, որ պետություն-մասնավոր հատվածի հետևողական փոխգործակցության շնորհիվ հնարավոր կլինի լուրջ արդյունքներ արձանագրել:


© 2009 ARMENPRESS.am