Գրքի երևանյան փառատոնը մարդկանց կհամախմբի մեկ գաղափարի շուրջ

17:20, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողներին և առհասարակ գրքի երկրպագուներին նոյեմբերի 24-26-ը իր շուրջ կհամախմբի Գրքի երևանյան փառատոնը:

«Գրողները կարող են իրենց ստեղծագործությունները  ներկայացնել հանրությանը: Այդ նպատակով անցկացվել է մրցույթ: Թափանցիկ քվեարկության արդյունքում փառատոնին կհայտարարվեն հաղթողների անունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա հավելեց, որ հույս ունի` հետագայում փառատոնը կընդգրկի նաև ՀՀ մարզերը, այնուհետև կդառնա միջազգային:

Մրցույթն անցկացվել է չորս ուղղությամբ՝ արձակ, չափածո, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն: Մրցույթին մասնակցելու համար կա մի նախապայման. ներկայացված ստեղծագործությունները նախկինում պետք է հրատարակված չլինեն: Հաղթողները կլինեն ութը: Չորսը կզբաղեցնեն առաջին հորիզոնականները՝ ստանալով 500 000-ական դրամ, և ևս չորսը կգրավեն երկրորդ հորիզոնականները՝ արժանանալով 300 000-ական դրամների: Գումարը չի հանձնվի անձամբ գրողներին: Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակչություններին, որոնց գրողները կվստահեն իրենց գրքի հրատարակման իրավունքը: Այնուհետև գրողները հրատարակչությունների հետ կկնքեն պայմանագրեր և փառատոնի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, լույս կընծայեն իրենց գրքերը:

Մրցույթի հանձնաժողովի անդամների անունները գաղտնի են: Հանձնախմբից գաղտնի են պահվում նաև մասնակից գրողների անունները. գործերն անանուն են գնահատվում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են գրականության ոլորտի արժանի ներկայացուցիչներ:

Փառատոնի և մրցույթի առանձնահատկությունն այն է, որ չկա տարիքային սահմանափակում. կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Պետպատվերի և պետաջակցության ծրագրերով, որ շարունակում է իրականացնել ՀՀ մշակույթի նախարարությունը (ինչպես արդեն նշվեց, այս ծրագրերով հայ ժամանակակից գրականություն այլևս չի հրատարակվելու), հայտ կարող են ներկայացնել միայն իրավաբանական անձինք՝ հրատարակչությունները: Իսկ փառատոնը հենց գրողին է հնարավորություն տալիս ներկայանալ, հաղթել և հետո միայն ընտրել իր հրատարակչին։

Հանձնաժողովը կունենա 60, իսկ ազատ ընթերցողները՝ 40 տոկոս ձայնի իրավունք: Վերջիններն արդեն գրանցվել են «Yerevan book fest»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Հեղինակները փառատոնի օրերին կմասնակցեն նաև ընթերցումների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների: Կքննարկվեն Հայաստանում գրական գործակալների հետ աշխատելու կարևորության, հրատարակիչների հետ ճիշտ համագործակցության, ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրով աջակցություն ստանալու և երկրի սահմաններից դուրս թարգմանվել-հրատարակվելու հետ կապված մի շարք հարցեր։


© 2009 ARMENPRESS.am