Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը, մարմնավաճառությանը

14:42, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ,  20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակչության 96 տոկոսը դեմ է թմրանյութերի կիրառմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազատություն ռադիոկայանի հրապարակած հետազոտության արդյունքների համաձայն, 9 երկրների ցուցակում վերը նշված ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է: Ցուցակում Հայաստանին հաջորդում է Լիտվան` 94 տոկոսով, այնուհետև Մոլդովան՝ 93, Ուկրաինան՝ 91 տոկոսով: Առավել ցածր ցուցանիշներ ունեն Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Էստոնիան, Լատվիան:

Նույն հետազոտության տվյալներով Հայաստանի բնակչության կրկին 96 տոկոսը դեմ է մարմնավաճառությանը: Այս ցուցանիշով Հայաստանը ևս առաջատար է, որին հաջորդում է Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը:

Ալկոհոլին դեմ է արտահայտվել Հայաստանի բնակչության 56 տոկոսը: Այս ցուցանիշով Հայաստանը ցուցակում 2-րդն է` զիջելով Մոլդովային: Հայաստանցիների 98 տոկոսը դեմ է նաև հոմոսեքսուալ հարաբերություններին: Այս ցանկում Հայաստանին հաջորդում է Մոլդովան, այնուհետև՝ Վրաստանը:

Հայաստանի բնակչության 79 տոկոսի համար ընդունելի չեն նաև նախաամուսնական սեռական հարաբերությունները: Ցուցակում Հայաստանին հետևում է Վրաստանը, այնուհետև Մոլդովան՝ համապատասխանաբար 76 և 47 տոկոս ցուցանիշով: Մեկ այլ ցուցանիշով ևս Հայաստանն առաջին դիրքում է: Հայաստանցիների 69 տոկոսը դեմ է աբորտներին: Ցուցակում Հայաստանին հաջորդում է Մոլդովան, այնուհետև Վրաստանն է:


© 2009 ARMENPRESS.am