Հայտնի է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Հայաստան այցի օրակարգը

17:15, 18 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։

Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով՝ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով կոփված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:

 


© 2009 ARMENPRESS.am