«Ֆիգարոյի ամուսնությունը» սկանդալային կատակերգությունը նոր շունչ կստանա երևանյան բեմում

10:11, 17 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի նշանավոր թատերագիր, 18-րդ դարի ֆրանսիական ռեալիստական կատակերգության ներկայացուցիչ Պիեռ Օգյուստեն Կարոն դը Բոմարշեի պիեսի հիման վրա բեմադրված «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումը ժամանակակից, հետաքրքիր, անսպասելի  լուծումներով կներկայացվի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 17-ին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի, դերակատարներ Գագիկ Մկրտչյանի, Լիդիա Գրիգորյանի հետ:

«Այս պիեսը սկանդալային է համարվել, քանի որ այն դասակարգային խնդիրներ է առաջ քաշում: Արգելված էր հակաֆեոդալական ազատամտության համար: Սակայն չեմ կարծում, որ մեր օրերում նման խնդիր կա: Ինձ գրավում է, որ «Ֆիգարոյի ամուսնությունը» պատկանում է դասական կոմեդիայի ժանրին, ունի դասական կառուցվածք: Պիեսում կա ծավալ,  որը թատրոնի դերասանին, ռեժիսորին հնարավորություն է տալիս երևակայության, շարժման տեսանկյունից ճկուն, ակտիվ ներկայացում բեմադրել և խաղալ»,-նշեց Խաչատրյանը:

Ռեժիսորը ցանկացել է բեմում կատարվող գործողությունները, զանազան իրավիճակները գեղեցիկ պարային շարժումների միջոցով ներկայացնել: Այդ նպատակով հրավիրել է պարուսույց Արիկ Ասատուրյանին, ում օգնությամբ նոր, հետաքրքիր լուծումներ է գտել: «Յուրաքանչյուր ներկայացում ունի մի կետ, տեղ, որի վրա հնարավոր է հենվել: Այս գործի այդ կետը Ֆիգարոյի հարսանյաց  շքերթի տեսարանն է: Այդ հատվածում դեռ վաղ ժամանակներից սկսած բեմադրիչները ցանկացել են բալետ ստանալ, պարեր՝ հարսանիքի ժամանակ: Մենք փորձել ենք ողջ ներկայացումը դրա վրա կառուցել»,-ասաց բեմադրիչը:

Ռեժիսորի խոսքով` «Ֆիգարոյի ամուսնությունը» հումորային, ինչ-որ չափով ցինիկ պար է, վոդևիլ: «Այն ավելի շատ զավեշտալի, ֆարսային բեմադրություն է, քան կատակերգություն:

Եթե ներկայացումը դիտելու գան մարդիկ, որոնք, ելնելով ինչ-որ նախապաշարմունքներից, կարծրատիպերից, ցանկանում են փնտրել և գտնել իրենց պատկերացրած Ֆիգարոյին, որին տեսել են քառասուն տարի առաջ, ապա չեն գտնի:

Մենք բեմադրել ենք այնպես, ինչպես տեսել ենք պիեսը: Բնականաբար ուրիշ մեկը այլ կերպ կբեմադրի»,-շեշտեց Գրիգոր Խաչատրյանը:

Ֆիգարոյին մարմնավորած դերասան Գագիկ Մկրտչյանն ասաց, որ Ֆիգարոն ինքն է առօրյա կյանքում: «Իհարկե, բժիշկ չեմ, դեղագործ կամ սափրիչ չեմ, բայց իմ մասնագիտություններն էլ քիչ չեն: Ֆիգարոն ունի կողմեր, որոնք նաև ես ունեմ: Նա որոշ չափով նման է ինձ. ինձ համար և’ հեշտ է, և’ դժվար այդ դերը խաղալ»,-խոստովանեց դերասանը:

Նա ընդգծեց, որ Ֆիգարոն իր խաղացած ամենամեծ և պատասխանատու դերն է: Գագիկ Մկրտչյանին հանգստացնում է այն փաստը, որ այն, ինչ ինքը կարողացել է անել, լիարժեք բավարարում է ռեժիսորին:

«Մարդկանց մեծամասնությունը ցանկանում է տեսնել մատչելի գործեր, որոնք դյուրըմբռնելի են: Իրականում թատրոն գալով պետք է դիտել ներկայացում, որը հետո մտածելու, խորհելու տեղիք կտա: Մեր բեմադրության մեջ դասական գործի հանդեպ նորարարական մոտեցում կա: Տիեզերական, տարօրինակ նոտաներ չկան, պարզապես նորովի ենք մտածել, ինչը, կարծում ենք, անսպասելի է հանդիսատեսի համար»,- ասաց Մկրտչյանը և հավելեց, որ ստեղծագործական թիմը մեծ սիրով է աշխատում:

Գլխավոր հերոսուհիներից մեկի` Ֆիգարոյի հարսնացու Սյուզանի կերպարը կերտած դերասանուհի Լիդիա Գրիգորյանը նշեց, որ դերասանուհին իրեն լավ է զգում բեմում, եթե լավ ներկայացման մեջ է ընդգրկված. կարևոր չէ կատակերգություն է, դրամա, մելոդրամա, դասական, թե ժամանակակից ստեղծագործություն:

[gallery id= 59894]

«Ամեն անգամ որակյալ ներկայացման մեջ հանդես գալով` ավելի ես մասնագիտանում քո գործում, ավելի ես բացում հոգիդ ու ճանաչում ինքդ քեզ` քո մեջ հայտնաբերելով տարբեր հատկություններ, որոնք առաջ չես նկատել, բայց որոնք կան ու թաքնված են եղել:

Ինձ հետաքրքիր է բեմում հայտնվել տարբեր իրավիճակներում: Թատրոնի բեմն ինձ համար կյանք է, որով ապրում եմ: Պետք է մի գաղտնիք բացեմ. երբեմն բեմում ինձ ավելի լավ եմ զգում, քան կյանքում»,-նշեց դերասանուհին:

Խոսելով «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մասին` դերասանուհին շեշտեց, որ համացանցով դիտել է այդ պիեսի հիման վրա տաբեր ժամանակներում և  տարբեր երկրներում բեմադրված ներկայացումներ: Նա կարծում է` Գրիգոր Խաչատրյանը բավականին համարձակ բեմադրություն է արել, և դասական ներկայացումների երկրպագուները գուցեև դժվարությամբ ընկալեն այն: «Մարդու ենթագիտակցության մեջ նստած է, որ դասական պիեսներին չի կարելի դիպչել: Այնինչ, իրականում, դրանք շատ պարզ են և հենց պարզության մեջ է նման ստեղծագործությունների հանճարեղությունը»,-շեշտեց Լիդիա Գրիգորյանը:

Նա խոսեց նաև իր կերպարի` Սյուզանի մասին: Ըստ նրա` Սյուզանն առանձնապես կենսագրություն չունի, դերասանի համար շահեկան տեսարաններ, այսինքն՝ կերպարը դերասանի հնարավորությունները լիարժեք բացահայտելու և դրանք ներկայացնելու հնարավորություն չի տալիս: «Սյուզանն ինտրիգային կերպար է՝ առանց որի խելահեղ օրը չէր կայանա: Մենք ներկայացրել ենք  կենսուրախ, արևային նապաստակի պես թռվռան աղջնակի, որն իր ետևից կտանի բոլորին: Ես ինձ իսկապես բեմում այդպես եմ զգում` թեթև, ուրախ»,-եզրափակեց Լիդիան:

Ներկայացման նկարիչը Շամիր Շախիրյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, պարուսույցը՝ Արիկ Ասատուրյանը: Բեմադրության մեջ ընդգրկած են նաև դերասաններ Արտաշես Մխիթարյանը, Նարինե Պետրոսյանը, Լուսինե Հարությունյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Լիդա Լևոնյանը, Էմմա Մկրտչյանը, Էրիկ Սարգսյանը, Կարեն Միրիջանյանը, Արա Գևորգյանը:

Անժելա Համբարձումյան

 

 

 


© 2009 ARMENPRESS.am