Կառավարության վավերացմանն է ներկայացվել սպառազինություն ձեռք բերելու նպատակով ՌԴ-ի հետ վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը

19:49, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում, որը կայանալու է նոյեմբերի 16-ին, կքննարկի 2017թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու և այն Ազգային ժողով ներկայացնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության օրակարգում է նաև համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու հարցը:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 13-ին համաձայնություն էր տվել նշված համաձայնագրի ստորագրմանը, որով Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման, մատակարարումների ֆինանսավորման համար:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ 2015թ. հունիսի 26-ին ստորագրվել էր սպառազինություն ձեռք բերելու համար 200 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որն այժմ գործում է:


© 2009 ARMENPRESS.am