Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Տրետյակովյան պատկերասրահում կբացվի Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը

19:22, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» առթիվ  նոյեմբերի 15-ին կբացվի նկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից, Սարյանի ցուցահանդեսի բացումը Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում գլխավոր իրադարձությունն է, որի շրջանակում ներկայացվելու է նկարչի 30 ստեղծագործություն:

Ցուցահանդեսի ընթացքում հնարավոր կլինի դիտել մեծանուն արվեստագետի լավագույն աշխատանքները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանում  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից:      

Սարյանի աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ցուցահանդեսը կտևի մինչ 2018 թվականի հունվարի 14-ը: 

Նույն օրը Մոսկվայում տեղի կունենա Մարտիրոս Սարյանի հուշատախտակի բացումը, որտեղ 1937-1970 թվականներին ապրել ու ստեղծագործել է հայազգի նկարիչը:   

 


© 2009 ARMENPRESS.am