ԱԶԲ-ն հետաքրքրված է ՀՀ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված բազմակողմանի օժանդակությամբ

19:19, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործողությունների դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմին: Հանդիպման նպատակն էր քննարկել բանկի հետ ագրարային բնագավառում համագործակցության հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակն ու առաջնահերթությունները, ագրարային բնագավառի հետագա զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաև ոլորտում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին` ընդգծելով, որ ներկայումս գյուղատնտեսության ոլորտում ծրագրեր մշակելիս հիմնական շեշտը դրվում է փոքր և միջին ֆերմերների համար մատչելի ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով  տնտեսավարող սուբյեկտներին ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը նաև ընդգծել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում ինտենսիվ այգիների հիմնման, օրգանական պարարտանյութերի տարածման և լայնածավալ օգտագործման, մթերման առավել արդյունավետ կազմակերպման նպատակով հատուկ կենտրոնների և սառեցման պահեստարանների ստեղծման, ջերմոցային տնտեսությունների ընդլայնման ուղղությամբ:     

Քրիստոֆեր Թիեմն իր հերթին նշել է, որ Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել Հայաստանին գյուղատնտեսության զարգացման նպատակով: Միաժամանակ նա հավելել է, որ բանկը պատրաստ է մասնակցել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին ներդրումների, վարկերի տրամադրման և տեխնիկական աջակցության միջոցով, ինչպես նաև համագործակցել մասնավոր հատվածի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am