Տարածքը ցանկապատվելու է, անցկացվելու է խմելու ջուր. Բերդի «Սորաններ» դենդրոպարկի տնօրենը ներկայացնում է առաջիկա անելիքները

17:56, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության «Սորաններ» դենդրոպարկը նախատեսվում է ցանկապատել և խմելու ջրագիծ անցկացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դենդրոպարկի նորանշանակ տնօրեն Դավիթ Աթոյանը նշեց, որ կարևոր խնդիր է ոռոգման և խմելու ջրի հարցը:

«Ջրագծի խնդիր կա` խմելու և ոռոգման ջրերի, բայց 2018 թվականին աշխատելու ենք, որ խմելու ջուրն անպայման լինի: Ժամանակին եղել է, հետո, երբ քաղաքի ջրագիծը փոխվել է, ջրագծի ոչ պիտանի լինելու պատճառով չի ներառվել և դուրս է մնացել ցանցից: Ոռոգման ջուր կա, բայց կարճ է խողովակը, տարածքներ կան, որտեղ ջուր չի հասնում, պետք է երկարացնել ջրագծերը, որ ծառաթփատեսակները նույնպես կարողանանք ավելացնել: Ներքին ոռոգման ցանց եղել է, Խորհրդային միության փլուզումից հետո ոչնչացվել է, ջրագիծը գողացել են»,- ասաց նա և հավելեց, որ ոչ մեծ քանակի, բայց ծառաթփատեսակներ չջրվելու պատճառով տուժել են:

Նախկինում տարածքն անգամ որպես արոտավայր է ծառայել, սակայն այսօր արդեն խնդիրը լուծված է և անասուններ չեն մտնում:

«Հերթապահություն է սահմանված այգու տարածքում, նպատակ ունենք ցանկապատել այստեղ: Այս 6 ամիսների ընթացքում, ինչ ես տնօրեն եմ նշանակվել, հասցրել ենք տարածքը մաքրել տարիների կուտակված աղբից: Երկրորդական մեքենաների ճանապարհները նույնպես արգելափակել ենք»,- տեղեկացրեց դենդրոպարկի տնօրենը:

Զբոսաշրջության համար դեռ լիարժեք պայմաններ չեն ստեղծվել, բայց, նրա խոսքով, նպատակ կա տուրիստներին գրավելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:

«Նախկին աշխուժությունը վերականգնելու համար շատ աշխատանք ու միջոց է հարկավոր, բայց քիչ-քիչ սկսել ենք»,- ասաց Դավիթ Աթոյանը:

Դենդրոպարկի տարածքում մի ծառ կա, որը 1976 թվականին տնկել է Մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

«Սորաններ» դենդրոպարկը գտնվում է Բնապահպանության նախարարության արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո: Ծառայգու տարածքը 62 հա է, 161 ծառաթփատեսակ կա, հիմնադրվել է 1962 թ-ին` Հրանտ Ավագյանի կողմից:

 


© 2009 ARMENPRESS.am