Geely ընկերությունը մինչեւ 2019 թվականը ԱՄՆ-ում կներկայացնի թռչող ավտոմեքենա. China Daily

17:47, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Geely չինական ավտոարտադրողը թռչող ավտոմեքենաների մշակմամբ զբաղվող ամերիկյան Terrafugia ընկերության ձեռքբերման շուրջ պայմանավորվածությունից հետո հայտարարել Է, որ մինչեւ 2019 թվականն ԱՄՆ-ի շուկա կհանի սեփական արտադրության առաջին ավիամոդելը: Ինչպես նոյեմբերի 14-ին հայտնել Է China Daily թերթը, այդ պլաններն արդեն հավանություն են ստացել Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավոր դժվարությունը, որը հարկ կլինի հաղթահարել, տեխնոլոգիաներն են: Նմանօրինակ ավտոմեքենաները պետք Է արագ ընթանան, եւ միեւնույն ժամանակ հասանելի լինեն սպառողի համար,-այս իրադարձությունը լրագրողներին մեկնաբանել Է Automotive Foresight չինական կոնսալտինգային ընկերության ներկայացուցիչը: Եթե այս փոխադրամիջոցն արժենա մոտավորապես 2 մլն դոլար, ապա հասարակայնության լայն շերտերի համար այն ոչինչ չի նշանակի»:

Նրա խոսքով՝ պակաս կարեւոր խնդիր չԷ համալիր օրենսդրական բազայի ստեղծումը, որը մանրակրկիտ կկանոնակարգեր թռչող ավտոմեքենաների շահագործման բոլոր դեպքերը: Տեղի փորձագետները հակված են կարծելու, որ ԱՄՆ-ում նման ավտոմեքենաների ներդրումն ավելի արագ կհաջողվի, քան Չինաստանում, քանի որ Հյուսիսային Ամերիկայի մի շարք տարածաշրջանններում բավականին ցածր Է բնակչության խտությունը:

Terrafugia ընկերությունն ստեղծվել Է 2006 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտների կողմից եւ զբաղվում Է թռչող ավտոմեքենաների մշակմամբ: Terrafugia-ի առաջին մոդելը՝ 279 հազար դոլար արժեքով, թողարկվել Է 2012 թվականին: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ մինչեւ 2023 թվականն աշխարհը կտեսնի Terrafugia-ի հերթական նորույթը՝ TF-X կոդային անվանմամբ, որը կկարողանա կատարել ուղղահայաց վերթիռ եւ վայրԷջք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am