Մասիսի տարածաշրջանային ֆուտզալի առաջնության հաղթող է ճանաչվել Դաշտավանի թիմը

16:49, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի տարածաշրջանային ֆուտզալի առաջնության հաղթող է ճանաչվել Դաշտավանի թիմը, որը եզրափակիչ խաղում 1-4 հաշվով պարտության է մատնել Դարակերտի թիմին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, AFFA հիմնադրամի և Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Մասիսի տարածաշրջանային ֆուտզալի առաջնությունը մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին:

Առաջնության անցկացման նպատակը երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է և միջհամայնքային կապերի ամրապնդումը: Մրցաշարին մասնակցել են Մասիսի տարածաշրջանի 12 թիմեր: Խաղերն անցել երկու ենթախմբերում, որոնցից երկու լավագույն թիմերը` Դաշտավանը և Դարակերտը դուրս էին եկել եզրափակիչ:

Խաղին հրավիրված էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Մասիսի տարածաշրջանի  համայնքների ղեկավարներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն՝ Տիգրան Մարտիրոսյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ Արամ Մարգարյանը, Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, ԱԺ պատգամավոր՝ Տիգրան Ստեփանյանը, հայտնի հյուրեր և թիմերի բազմաթիվ երկրպագուներ:

Խաղի ավարտից հետո տեղի Է ունեցել  մրցանակաբաշխության արարողությունը: Մասիսի զարգացման և AFFA հիմնադրամի կողմից կազմակերպված մրցաշարի խաղերը բարձր մակարդակով սպասարկելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են մրցավարներ Ժան Ավետիսյանը, Էդուարդ Միքայելյանը:  Մրցաշարի լավագույն դարպասապահ  է ճանաչվել Հովտաշատ թիմի դարպասապահ Նազար Գևորգյանը, լավագույն ռմբարկու՝  Դարակերտ թիմի հարձակվող Վլադիմիր Ուրիխանյանը, լավագույն խաղացող՝ Մասիսի Արարատ 73 թիմի ֆուտբոլիստ Անդրանիկ Հակոբյանը:

Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA հիմնադրամի կողմից երրորդ տեղը գրաված Հովտաշատ թիմը պարգևատրվել է  500.000 դրամով, երկրորդ տեղը գրաված Դարակերտ թիմը՝ 1.000.000 դրամով: Մասիսի զարգացման և AFFA հիմնադրամների կողմից ամբողջ մրցաշարում հավասարը չունենալով և առաջին տեղը արժանիորեն գրաված Դաշտավան թիմը պարգևատրվել է  2.000.000 դրամով: Հաղթող թիմին  մրցաշարի գլխավոր մրցանակը՝ 2017 թվականի Մասիսի տարածաշրջանային ֆուտզալի առաջնության պատվավոր գավաթը հանձնել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Մասիսի զարգացման հիմնադրամը  հիմնադրվել է  2015 թվականին բարերար Գագիկ Ադիբեկյանին պատկանող Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության կողմից՝ ի նպաստ Մասիս քաղաքի զարգացմանը: Հիմնադրամի գործունեության  նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել  ակտիվ մտահոգ քաղաքացիների  նոր սերունդ, ովքեր ապագայում կունենան իրենց ավանդը Հայաստանի  զարգացման և բարգավաճման գործում:

2017 թվականի մարտի 28-ին տեղի է ունեցել  AFFA հիմնադրամի կողմից կառուցվող քաղաքի առաջին ընտանեկան մարզահամալիրի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Ընտանեկան մարզահամալիրը ներառելու է մինի-ֆուտբոլի և բասկետբոլի բացօթյա երկու  մարզահրապարակներ, մանկական հրապարակ,  բակային պարապմունքների համար նախատեսված մարզական սարքավորումներով հագեցած գոտի, ինչպես նաև այցելուների և նրանց ընտանիքների համար բոլոր անհարժեշտ պարագաներով հագեցած հիմնական մասնաշենքը:


© 2009 ARMENPRESS.am