Հայտնի են «Ռոլան» մանկապատանեկան 13-րդ միջազգային փառատոնի մրցանակակիրները

15:42, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոլան» մանկապատանեկան 13-րդ միջազգային փառատոնի «Գրան Պրի» մրցանակին է արժանացել Ռուսաստանը ներկայացնող ռեժիսոր Վալերի Իգնատևի 2015-ին նկարահանած «Երկուսով դաշնամուրի առջև» ժապավենը:

Փառատոնն անցկացվել է նոյեմբերի 7-11-ը: Ֆիլմերը ցուցադրվել են ինչպես Երևանում, այնպես էլ` Ալավերդիում և Գավառում: Փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Դանիան ներկայացնող ռեժիսոր Կարստեն Կիլերիխի «Ալբերտ» կինոնկարին:

Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում մրցանակները հանձնվել են Գերմանիան ներկայացնող ռեժիսոր Դագմար Սեումի «Վենդի» և Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Կանչ» ֆիլմերին:

Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» է ճանաչվել ավստրիացի ռեժիսոր Վեռներ Ֆիդլերի «Հալիմ» կինոնկարը:

Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» մրցանակները տրվել են ռուս ռեժիսոր Վլադ Բարբեյի «Սինդբադ. յոթ փոթորկի ծովահենները» և Իտալիայի ներկայացուցիչներ Միշել Ֆուզելլիեի, Բաբաք Փայամի «Իքբալ. մի անվախ երեխայի պատմություն» ժապավեններին:

Մանկապատանեկան ժյուրիի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» մրցանակին արժանացել է Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Կուլիկովի «Կոճակ» ֆիլմը:

 Պատանեկան ժյուրիի «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակը «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում տրվել է «Երկուսով դաշնամուրի առջեւ» կինոնկարին:

Պատանեկան ժյուրիի «Պատիվ ունեմ» անվանակարգում «Լավագույն ֆիլմ» մրցանակ շահել է Հայաստանը ներկայացնող ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» կինոնկարը:

Շուրջ 57 երկրից ստացված 950  ֆիլմի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 180 կինոնկար:

Փառատոնային հինգ օրում արվեստասերները հնարավորություն են ունեցել դիտել ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը» ժապավենը: Գերմանիայից ժամանած դերասանուհի, պրոդյուսեր Նատյա Բրունկհորթսը ներկայացրել է «Սարերի հրաշք. անսպասելի ընկերություն» ֆիլմը,  ֆրանսիացի պրոդյուսեր Ալեն Գրանժերարը ներկայացրել է «Նիկոստրատոս հավալուսնը» ժապավենը: Տեղի է ունեցել նաև ռեժիսոր Դագմար Սեումի «Վերդի» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Ցուցադրությունները կրել են բարեգործական բնույթ:

«Ռոլան»-ի շրջանակում Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը շարունակել է արդեն ավանդական դարձած «Դու մենակ չես… միասին կհաղթենք» հատուկ ծրագիրը, որի շրջանակում փառատոնի հավատարիմ բարեկամ «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի  գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր և հանդիպել  բուժվող երեխաների հետ: Փառատոնում ցուցադրվել են ռեժիսորի «Երալաշ» մանկական կինոալմանախի նոր համարներ:

«Ռոլան» մանկապատանեկան 13-րդ միջազգային փառատոնն իրականացվում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի միջազգային աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի դեսպանությունները:


© 2009 ARMENPRESS.am