ՀՀ-ում և Արցախում ընտրվել է զարգացման լավագույն ճանապարհը. Արա Բաբլոյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

13:47, 10 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում իրականացված սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են պետության առավել արդյունավետ կառավարման և ժողովրդավարության մակարդակի բարձրացման համար: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի  ընթացքում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Հանրաքվեի արդյունքում Հայաստանում և Արցախում ընդունվել է զարգացման այն ճանապարհը, որը լավագույնս է համապատասխան երկրների ներքին և արտաքին առանձնահատկություններին: Անշուշտ, հետբարեփոխումային գործընթացները Հայաստանում և Արցախում ունեն ընդհանրություններ և առանձնահատկություններ: Հայկական երկու պետությունների գոյությունը մեր ժողովրդի հարստությունն է: Մենք պարտավոր ենք պաշտպանել և զարգացնել այն՝ համատեղ ջանքերով և գործողություններով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին ընդգծեց, որ, չնայած Հայաստանում և Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո  պետական կառավարման մոդելների տարբերություններին, այս ոլորտում համատեղ քննարկումների անհրաժեշտություն կա: «Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլ նաև յուրահատուկ խողովակ է մեզ համար՝ ինչպես տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ միջազգային խորհրդարանական ամբիոնից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար»,-նշեց Աշոտ Ղուլյանը՝ ընդգծելով, որ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությունն իրենց համար ամենակայացածն ու արդյունավետն է:


© 2009 ARMENPRESS.am