Արցախի ԱԺ նախագահը բարձր է գնահատում Հայաստանի խորհրդարանի հոտ համագործակցության մակարդակը

12:41, 10 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ հանդիպումների հաճախակիությունը լիարժեք փոխգործակցության ապահովման հիմքն է համարում: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում իր ելույթում Արցախի ԱԺ նախագահն ընդգծեց, որ միայն 2016 թվականի ապրիլ-հունիսին՝ ապրիլյան պատերազմից հետո, Արցախ են այցելել ՀՀ խորհրդարանի գրեթե բոլոր պատգամավորները՝ շատ հաճախ իրենց հետ Արցախ բերելով արտասահմանյան խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչների: 
«Այսօրվա համատեղ նիստի օրակարգում առանձնացվել են հարցեր, որոնք առավել մանրամասն դիտարկման կարիք ունեն: Դրանցից առաջինը միջազգային խորհրդարանական հարթակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության թեմայով քննարկումներն են և այդ համատեքստում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների կողմից տարվող աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արցախի ԱԺ նախագահը:
Աշոտ Ղուլյանն ընդգծեց, որ գնահատում են ՀՀ ԱԺ գործընկերների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում Հայաստանի և Արցախի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմագրավելու ուղղությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am