Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին է. Արա Բաբլոյան

12:29, 10 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը՝ նպատակաուղղված ընթանալով իր ընտրած ճանապարհով: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագիրը տնօրինողը: Որևէ ատյան, որևէ ձևաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբլոյանը:
Նրա խոսքով՝  արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է»,-ասաց նա:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը, նախ և առաջ, պետք է հրաժարվի Արցախը անգամ տեսականորեն իր կազմում
պատկերացնելու մտքից:


© 2009 ARMENPRESS.am