Իգնատի Առաքելյանը վստահեցնում է, որ գյուղնախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո»-ի հետ

14:47, 9 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ուսումնասիրում է, թե առ այսօր ինչ գործունեություն է ծավալել ամերիկյան «Մոնսանտո» ընկերությունը մեր երկրում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Բնապահպանության նախարարության հետ ուսումնասիրում ենք դաշտը, որ հասկանանք, թե ինչ ռիսկեր կան կատարված աշխատանքներից: Կուսումնասիրենք՝ ինչ են անում, որքանով է ԳՄՕ սերմերը տարածված, ինչ են ներմուծում, նոր կնշենք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով նաև, որ իր գլխավորած գերատեսչությունը չի համագործակցում նշված ընկերության հետ:

Անդրադառնալով ԳՄՕ սերմերի մուտքը Հայաստան արգելելու մասին օրենսդրական նախաձեռնությանը՝ Իգնատի Առաքելյանն ասաց, որ 2013 թվականին Բնապահպանության նախարարության կողմից եղել է նման նախաձեռնություն, հետո կասեցվել է այն: Այժմ, ըստ Առաքելյանի, վեր է հանվելու այդ օրենսդրական նախաձեռնությունը՝ քննարկելու դրա արդիականության հարցը:


© 2009 ARMENPRESS.am