«Լյուդվիգ անունով ոզնին»․ գարնանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանը կներկայացնի իր նոր կատակերգական ֆիլմը

11:06, 8 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը հաջորդ տարի արվեստասերների դատին կհանձնի իր նոր ֆիլմը: Կատակերգությունը կոչվում է «Լյուդվիգ անունով ոզնին»: Ժապավենում ներգրավվել են ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեզ հայտնի դերասաններ, այնպես էլ` նոր դեմքեր: Կինոնկարի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Մհեր Մկրտչյանի հետ:

-Ի՞նչ սյուժե է ընկած ֆիլմի հիմքում, կա՞ն կոնկրետ խնդիրներ, որոնք արծարծվում են նոր ժապավենում:

-Միշտ դեմ եմ, երբ սկսում են ֆիլմի մասին պատմել, որովհետև հետաքրքրությունը կորում է: Կարող եմ ասել մի բան`  ֆիլմում խառնված են մի քանի տարբեր ժանրեր. սա և՛ կատակերգություն է, և՛ ինչ-որ չափով դրամա: Կան և՛ ծիծաղելի, և՛ հուզիչ տեսարաններ: Ֆիլմում խառնված է նաև աբսուրդը, հեքիաթը, որի հիմքում Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդն» է: Սա մի փորձ է խառնել մի քանի ժանրեր և ստանալ մի կողմից թեթև և ծիծաղելի, մյուս կողմից ինչ-որ չափով հուզիչ  և հետաքրքիր, դինամիկ ֆիլմ:

Սա իմ առաջին փորձն է աշխատել ոչ թե կոնկրետ մեկ, այլ միաժամանակ մի քանի ժանրերում: Շատ հետաքրքիր է անել մի բան, որը դեռ չես արել:

-Նկարահանման ընթացքում բացահայտումներ անու՞մ եք:

- Երբ գալիս ես նկարահանման հրապարակ, պետք է հստակ իմանաս՝ ինչ ես անելու և որն է քո այսօրվա խնդիրը: Ինձ համար բացահայտման հետաքրքրությունը կայանում է դերասանների հետ աշխատանքում: Հետաքրքիր են այն դերասանները, որոնց հետ չգիտես, թե ինչ արդյունք կստանաս, չգիտես, թե նա քո նախատեսածից որքան ավելի լավ կանի իր գործը, այսինքն` չկա սահման, նշաձող: Բացահայտումները դերասանների հետ են կապված:

-Ձեր նախորդ կինոնկարներում `«Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2», շատերիս համար նոր դերասանների բացահայտեցիք` Արծրուն Չոբանյան, Սամվել Թադևոսյան, Անի Ղազարյան և այլք: Նրանցից մի քանիսը ներգրավված են այս ժապավենում: Ինչպե՞ս եք ընտրում դերասանական կազմը: Սցենարը մշակելիս ի սկզբանե պատկերացնու՞մ եք, թե ով է կարող մարմնավորել այս կամ այն կերպարը:

- Ընտրությունը մեկն է` որ դերասանին ես դու տեսնում այս դերում, ում ես  համարում տաղանդավոր: Սա է ընտրության չափանիշը: Ինչ վերաբերում է այս ֆիլմի դերասանների ընտրությանը, ապա այո, կան դերասաններ, որոնք նախորդ ֆիլմերում աշխատել են ինձ հետ, բայց այստեղ ինձ համար կարևոր մի բան կա. նրանք չեն կրկնվում: Այսինքն` եթե դուք տեսնեք, որ գլխավոր դերակատար Սամվել Թոփալյանը կրկնում է այն, ինչ արել է նախորդ ֆիլմում, ուրեմն ես վատ ռեժիսոր եմ: Բայց եթե նա նոր ձևով ներկայանա, նոր կերպար բերի, ուրեմն ստացվեց:

Կան նաև նոր դերասաններ` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի Մարինա Մնացականյանը, որի համար սա դեբյուտ է. նա հանդես է գալիս գլխավոր դերերից մեկում:

-Սցենարը գրելիս պատկերացնու՞մ եք, թե ով է կարող մարմնավորել այս կամ այն կերպարը:

-Ոչ, նման դեպքեր լինում են, երբ սցենարը գրում ես կոնկրետ դերասանի համար: Իմ  կենսագրության մեջ նման դեպք եղել է, երբ Ռուսաստանում աշխատելիս սցենարը գրել եմ Սերգեյ Շակուրովի համար: Եթե նա համաձայնություն չտար,  ես չէի նկարի այդ ֆիլմը: Ընդհանրապես սցենարը գրելիս չես կարող հստակ պատկերացնել դերասանին: Դա քաստինգի, փորձերի ծանր շրջան է, որը պետք է հասկանալ, զգալ:

-Մի առիթով հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշել է, որ մեծ գաղափարները կարող են փչացնել կինոն: Դուք այս մասին ի՞նչ կասեք: Ձեր առջև ի՞նչ գաղափարներ եք դնում:

-Ճիշտն ասած` ես իմ առջև չեմ դնում ինչ-որ գաղափար: Ես շարժվում եմ նրանով, թե ինչն է ինձ հուզում, ինչ խնդիր է ինձ այս պահին անհանգստացնում, ինչի մասին եմ այս պահին ուզում խոսել: Ինձ համար կարևոր են մարդիկ, մարդկային հույզերը: Բայց եթե ֆիլմի պատրաստ լինելուց հետո հանդիսատեսը գաղափարներ է տեսնում ու դրանց մեջ իմաստ դնում, ապա աշխատանքը հաջողված է: «Կյանք ու կռիվը» նկարելիս ինձ համար կարևոր է եղել մարդկային ճակատագիրը, կենսագրությունը, կոնկրետ մարդը, ոչ թե գաղափարն իր լայն իմաստով:

-Ասում են` կինոն գեղանկարչություն է, որը հնչում է երաժշտության պես: Իսկ ձեզ համար ի՞նչ է կինոն:

- Կինոն կյանք է. այն կյանքը, որ կա, որում մենք ապրում ենք և որը մենք տեսնում ենք:

 


© 2009 ARMENPRESS.am