Գերմանացի պատգամավորն այցելել է Արցախ

14:24, 2 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 2-ին հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում  Արցախի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Գերմանացի պատգամավորը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածության և գաղափարական ուղղվածության մասին, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն հաղորդել Գերմանիայում իր կուսակցության ունեցած քաղաքական դերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես անդրադարձել Եվրոպայում տեղի ունեցող ինքնորոշման գործընթացներին: Մտքեր են փոխանակվել  նաև Գերմանիայում Արցախի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տարածման վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am