Ջազն ազատություն է տալիս. «Yerevan Jazz Fest 2017»-ը դրական լիցքեր հաղորդեց ջազի երկրպագուներին
12:05, 2 Նոյեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Yerevan jazz fest 2017»-ը փորձի փոխանակման հիանալի հարթակ է: Հայ ստեղծագործողները տաղանդաշատ են: Նույն բեմում հանդես գալով այլազգի երաժիշտների հետ` նրանք կատարելագործվում են, նոր շունչ ստանում: Այս մասին նոյեմբերի 1-ին փառատոնի հերթական համերգին նշեց շրթհարմոնահար, կիթառահար Արտակ Ներսիսյանը:
Ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ ունեցան երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը, «Armenian Navy Band»-ը, Պակո Սառը, Մարինե Հակոբյանը, Արտակ Ներսիսյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը և այլք:
«Փառատոնին մասնակցում եմ ստեղծման պահից ի վեր: Ընդգծեմ, որ հայ երաժշտասերները քաջատեղյակ են ջազում կատարվող իրադարձություններից, նորություններից և ըստ արժանվույն են գնահատում յուրաքանչյուր ելույթ: Չափազանց լավ եմ զգում, որ նրանք մաքսիմալ դրական են ընդունում և բուռն ծափողջույնների արժանացնում նաև արտերկրից Հայաստան ժամանած ջազի հանրահայտ վարպետներին: Երաժշտասերները տարեցտարի ավելի բանիմաց են դառնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ներսիսյանը:
Նա հավելեց, որ կարևորում է ջազի դերը հայ մշակույթում, քանի որ բարձրակարգ երաժշտությունը կարող է դրական հույզերով լցնել մեր օրը, նոր մտահաղացումների ազդակ տալ:
Երգչուհի Մարինե Հակոբյանի խոսքով` «Yerevan Jazz Fest»-ը մեծ տոն է թե’ կատարողների, թե’ երաժիշտների, թե’ ջազի սիրահարների համար:
«Հաճելի է այս գեղեցիկ փառատոնի մի մասը լինել, նույն բեմում հանդես գալ Սենեգալից ժամանած օրիգինալ երաժիշտ և կատարող Պակո Սառի հետ»,-ասաց երգչուհին:
Նա նշեց`չնայած ջազն ավելի մտերմիկ, ակումբային մթնոլորտ է սիրում, համերգասրահն իր էներգետիկ դաշտն ունի, և դրական տրամադրությունը երբեք չի փոխվում: «Ջազն ինձ մաքսիմալ ազատություն է տալիս»,-եզրափակեց Մարինե Հակոբյանը:
Համերգային երեկոյի ընթացքում Պակո Սառը իր ելույթին մասնակից դարձրեց նաև հանդիսատեսին. վերջիններս ծափերի միջոցով ապահովում էին երաժշտության տեմպը:
Արտո Թունջբոյաջյանը և «Armenian Navy Band»-ը մեծ խանդավառություն պատճառեցին երաժշտասերներին` հնչեցնելով վաղուց սիրված «Արարատ», «Պզդիկ զինվոր» և ֆոլկ ելևէջներով համեմված այլ հայտնի երգեր:
Հանդիսատեսը բավարարված էր, «Բրավո»-ների պակաս չկար:
«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:
Այս տարվա փառատոնին ելույթներ են ունեցել ԱՄՆ-ից Հայաստան ժամանած երաժիշտներ Մարկուս Միլլերը, Ռուսաստանից եկած Իգոր Բուտմանը, Ֆրանսիայից ժամանած Անի Արզումանյանը: Հանդես են եկել Հայաստանը ներկայացնող երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը:
Փառատոնի փակման համերգային ծրագիրը կանցկացվի նոյեմբերի 3-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Դրական հույզերով համերգային ծրագիր են խոստանում Կուբայից ժամանած Գոնսալո Ռուբալկաբան, Ֆրանսիայից եկած Ալեքսիս Ավագյանը և Հայաստանը ներկայացնող Վահագն Հայրապետյան ջազային կվինտետը:
Փառատոնն իրականացվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո:
Արդեն երկու տարի է Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան են այցելել երաժիշտներ ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Վրաստանից, Ռուսաստանից և Անգլիայից:
«Yerevan Jazz Fest 2015»-ի շրջանակում Երևանը հյուրընկալեց աշխարհահռչակ բաս կիթառահար և վիրտուոզ Ռիչարդ Բոնային, իսկ 2016-ի փառատոնին ներկա էին մեներգչուհիներ` Գրեմմի եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերին և բրիտանացի Ջոս Սթոունին:
© 2009 ARMENPRESS.am