Արցախի նախագահն ընդունել է Վիգեն Սարգսյանին և Տարոն Մարգարյանին

14:53, 28 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Նախագահն ընդգծել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այս ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին եւ Երեւանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակին, Ստեփանակերտի եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երեւանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա:


© 2009 ARMENPRESS.am