Պորոշենկոն բացառել Է վաղաժամկետ ընտրությունների հնարավորությունն Ուկրաինայում

13:30, 24 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել Է երկրում վաղաժամկետ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը, ինչին ձգտում Է հասնել ընդդիմությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեկ տարուց պակաս ժամանակ Է մնացել նախագահի եւ Գերագույն ռադայի ընտրությունների հերթական ընտրական շրջափուլի սկսվելուն եւ, ինչպես ես ձեզ արդեն ասել եմ, վաղաժամկետ ընտրություններ չեն լինելու, ինչը եւ մենք կապահովենք»,-հայտարարել Է նա՝ հոկտեմբերի 24-ին ելույթ ունենալով Տարածաշրջանային զարգացման խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ Գերագույն ռադայի պատերի մոտ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցներին չի հաջողվի ապակայունացնել իրադրությունը, քանի որ 30-40 մարդու մասնակցությամբ հանրահավաքը չի կարելի համարել զանգվածային բողոք:

Պորոշենկոյի ներկայիս հայտարարությունը հնչել Է երկրում տիրող քաղաքական տրամադրությունների վերաբերյալ հոկտեմբերի 23-ին հրապարակված նոր սոցիոլոգիական տվյալների ֆոնին: Այսպես, սոցիալական հետազոտությունների «Սոֆիա» կենտրոնի վկայությամբ, հարցվածների 79 տոկոսը հավանություն չի տալիս նախագահի գործունեությանը: 77 տոկոսը բացասաբար Է ընկալում վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի աշխատանքը: Ընդսմին Գերագույն ռադայի վաղաժամկետ ընտրությունների անցկացման գաղափարը պաշտպանել Է հարցվածների 55,8 տոկոսը, իսկ նախագահի վաղաժամկետ ընտրությունների օգտին հանդես Է եկել 53,1 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am