ՄԻՊ-ի աշխատակազմի թունիսցի հյուրերը այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

19:45, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ խոշտանգումների կանխարգելման ոլորտի հայաստանյան փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանում են Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային մարմնի նախագահի տեղակալ Նաբիհա Քեֆի եփ Բադրին և գլխավոր քարտուղար Դհիաէդդին Մուրուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցների ուղեկցությամբ նրանք հոկտեմբերի 20-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Քրեակատարողական հիմնարկում հյուրերը ծանոթացել են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման եղանակներին, հետևել խցի մակերերսը, լուսավորությունը, խոնավությունն ու ջերմությունը չափող հատուկ սարքերի աշխատանքին:

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների: Հուլիսին այդ նպատակով Երևան էին այցելել Մարոկկոյի Թագավորության Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչները:

 


© 2009 ARMENPRESS.am