Մինսկում կայացել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ

19:13, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ից 21-ը գտնվում է Բելարուսի մայրաքաղաք Մինսկում՝ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակացելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակներում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում են ունեցել Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վլադիմիր Զինոսվկու հետ: 

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ  երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում երկու պետությունների իրական ներուժին: Հատուկ ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համագործակցության և դեպի երրորդ երկրներ արտահանման հարցերին: Կողմերը քննարկել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Բելառուսի արդյունաբերության նախարար Վիտալի Վովկի հետ հանդիպմանը  քննարկվել են Բելառուսում արտադրվող և Հայաստան մատակարարվող տրանսպորտային, գյուղատնտեսական տեխնիկային առնչվող հարցեր, նաև արծարծվել է դրանց ադապատացումը հայաստանյան պայմաններին: Պատվիրակությունների հանդիպման օրակարգում էր նաև հայ-բելառուսական գործարար համաժողով կազմակերպելու հարցը, որը կխթանի երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Նախարարներ Կարայանը և Առաքելյանը հանդիպել են նաև Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացի հետ՝ քննարկելով խոշոր եղջերավոր անասունների բազմացման և սերմնաբուծության ոլորտում երկու երկրների համագործակցությունը:


© 2009 ARMENPRESS.am