Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը

18:57, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդի քննարկմանն են ներկայացվել Առողջապահական տեսչական մարմնի և Բնապահպանության ու ընդերքի տեսչության բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթները, որոնք միտված են նշված մարմինների գործունեության կանոնակարգմանը: Այդ նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվելու համապատասխան օրենքներում և կառավարության որոշումներում: Քննարկումներից հետո վարչապետ Կարապետյանը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել ներկայացված փաթեթները՝ գնահատելով հնարավոր ռիսկերն ու հաշվի առնելով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման հարցը:

Անդրադարձ է կատարվել նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որով, ըստ զեկուցողների, հստակեցվում է որակի ապահովման համակարգի գործունեությունը: 

 


© 2009 ARMENPRESS.am