Թիլերսոնը կայցելի Սաուդյան Արաբիա և Կատար

19:01, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 20-27-ը կուղևորվի ասիական տարածաշրջան: Նա նախ կլինի Սաուդյան Արաբիայում, այնուհետև Կատարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

«Էր-Ռիյադում պետքարտուղար Թիլերսոնը կմասնակցի Սաուդյան Արաբիայի ու Իրաքի կառավարությունների համատեղ խորհրդի առաջին նիստին: Նա նաև կհանդիպի սաուդյան տարբեր առաջնորդների հետ և կքննարկի Եմենի հակամարտությունը, Ծոցի երկրների միջև շարունակական վեճը, Իրանի, տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այնուհետև Թիլերսոնը կմեկնի Դոհա, որտեղ կհանդիպի Կատարի առաջնորդներին և ԱՄՆ ռազմական ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում և այլն:


© 2009 ARMENPRESS.am