Գյումրիում բացվեց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

20:01, 18 Հոկտեմբեր, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 18   ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում հոկտեմբերի 18-ին բացվեց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Զբոսաշրջության զարգացման 2017  թվականի ծրագրում նախատեսվում է  պետական աջակցություն՝ ՀՀ մարզերում առնվազն 4 զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ստեղծման համար: Ծրագիրն իրականացնում են  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և  Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանում արդեն գործում են 7 տեղեկատվական կենտրոններ, սակայն զբոսաշրջության պետական կոմիտեի ստեղծումից հետո Գյումրու կենտրոնն առաջինն է՝  հատուկ չափանիշների հիման վրա ստեղծված: «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնական նպատակն է մարզերում, քաղաքներում հատուկ ծառայություններ մատուցել անհատ զբոսաշրջիկներին: Երբ խմբերով են գալիս զբոսաշրջիկները, ամեն ինչ պայմանավորված է, բայց անհատ  զբոսաշրջիկի համար մի փոքր դժվար է՝ կարդում են գալիս,  բայց հետո չգիտեն ո՞ւր գնալ, ի՞նչ անել»,-նշեց Զարմինե Զեյթունցյանը՝  փաստելով, որ հենց նման կենտրոններն են օգնելու զբոսաշրջիկին:
Տեղեկատվություն կտրվի ամեն ինչի մասին՝ գիշերակացից մինչև  տրանսպորտային միջոցի, կամ  առողջական խնդիրների  դեպքում:  Կենտրոնում կա քաղաքում գործող բոլոր ռեստորանների, հյուրանոցների, ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների, ուղեկցորդների  մասին և այլ  տեղեկատվություն: «Հետագայում նպատակ  կա այս կենտրոնները վերածել մարզային զբոսաշրջության զարգացման կենտրոնի: Այս կենտրոնը հետագայում «կսնի» զբոսաշրջության հիմնադրամին  այն տեղեկատվությամբ, որը մենք հետո  կօգտագործենք Հայաստան տուրիստներ ներգրավվելու համար»,-ավելացրեց Զարմինե Զեյթունցյանը:
Կենտրոնի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ  Սամվել Բալասանյանին:  Հյուրերին ներկայացվեց նաև  Դիջիթըլ Փոմիգրնըթ ընկերության կողմից ստեղծված «Վիզիթ Գյումրի» հավելվածը, որի շնորհիվ կարելի Է աշխարհի  ցանկացած վայրում  մանրամասն ինֆորմացիա ստանալ Գյումրու մասին: Գյումրի  կատարած այցի շրջանակներում հոկտմեբերի 18-ին կենտրոնի աշխատանքներին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանը:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am