Հայաստան կժամանի Լեհաստանի ԱԳ նախարարը

18:26, 18 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Վաշչիկովսկին արդեն իսկ այցելել է Ադրբեջան և հանդիպումներ ունեցել այդ երկրի ղեկավարության հետ: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Վրաստան:

Լեհական ռադիոն շեշտում է, որ Վաշչիկովսկու այցը նախորդում է նոյեմբերի Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի նախաձեռնողներն են Լեհաստանն ու Շվեդիան: Այս տարվա ապրիլին Վիշեգրադի քառյակի երկրները՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան իրենց հստակ աջակցությունն են հայտնել Արևելյան գործընկերության ծրագրին՝ որպես Արևելյան Եվրոպայում կայունության և տնտեսական զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը:


© 2009 ARMENPRESS.am