Թվով 70 ներդրումային ծրագրերին պետական օժանդակության շնորհիվ ևս 4100 աշխատատեղ կստեղծվի

18:05, 18 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1 միլիարդ 24 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 միլիոն ԱՄՆ դոլար, որը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է՝ համապատասխանաբար 36.6 և 26.3 տոկոսով: Ներդրումների վերաբերյալ վիճակագրությունը լրագրողներին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` հորդորելով ներդրումների չափը գնահատել ոչ թե գումարների ներհոսքի ծավալով, այլ ներհոսքի զուտ աճով: «Զուտ աճը երկիր եկած ներդրումների և դուրս եկող գումարների տարբերությունն է, այստեղ, իհարկե, հանումները չեն նշանակում կապիտալի արտահոսք, դա կարող է լինել շահաբաժինների վճարում, վարկի մարում և այլն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Սուրեն Կարայանը վիճակագրություն ներկայացրեց նաև 70 ներդրումային ծրագրերին պետական օժանդակության վերաբերյալ, որոնք ներկայում իրականաց­ման տարբեր փուլերում են: «Ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կիրականացվի մոտ 493 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղ: Ըստ Կարայանի` մոնիտորինգը ցույց է տվել, որ արդեն իրականացվել է շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ստեղծվել են 3200 նոր աշխատատեղեր»,-տեղեկացրեց նախարարը:

Նա նշեց, որ անցած մեկ տարվա ընթացքում ներդրումների ներգրավման մասով աշխատանքներ ենք իրականացրել օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: «Վերջերս կառավարության կողմից հավանության է արժանացել օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս, որպեսզի էլ ավելի կատարելագործվի օտարերկրյա ներդրողների պաշտպանության ինստիտուտը»,-հայտնեց Սուրեն Կարայանը:

Նախարարը կարևոր համարեց օտարերկրյա ներդրողների շրջանում Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, KPMG խորհրդատվական ընկերության հետ Հայաստանի ներդրումային և գործարար գրավչությունը ներկայացնող համապարփակ բրոշյուրը միջազգային հարթակներում տարածելը:  

 


© 2009 ARMENPRESS.am