Մարտունի-Վարդենիկ միջհամայնքային ճանապարհն ամբողջությամբ հիմնանորոգված է

21:01, 17 Հոկտեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում «Համաշխարհային բանկի» ներդրումներով իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկը՝ Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ միջհամայնքային եւ համայնքային նշանակության ճանապարհի հիմնանորոգումը, որի մեկնարկը տրվել է 2016 թվականի սեպտեմբերից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 10,5 կիլոմետր, որից 7 կիլոմետրն անցնում է համայնքների ներսով՝ կենտրոնական ճանապարհներով: Ասֆալտապատված մակերեսը կազմում է մոտ 70 հազար քառակուսի մետր: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 1 միլիարդ 941 միլիոն դրամ:

«Համայնքների ներսում կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգեր, կամուրջներ եւ կամրջային անցումներ, միջհամայնքային հատվածներում՝ տեղադրվել կողնակներ: Այս ճանապարհից օգտվելու հնարավորություն են արդեն ունենում 5 համայնքների մոտ 60 հազար բնակիչներ: Հարկ է կարեւորել, որ այս ճանապարհը քարուքանդ վիճակում էր եւ չէր շահագործվում ավելի քան 30 տարի, իսկ վերոնշյալ բնակավայրերի բնակիչները տրանսպորտային կապը միմյանց միջեւ իրականացնում էին Վարդենիս-Մարտունի-Երեւան մայրուղու միջոցով՝ մի կողմից ծանրաբեռնելով մայրուղին, մյուս կողմից՝ ավել ժամանակ ու միջոցներ ծախսելով երթեւեկության վրա:

Գտնում եմ, որ այս ծրագիրը շատ կարեւոր ու հրատապ էր, արդյունավետ, որի շնորհիվ բեռնաթափվում է Երեւան-Վարդենիս մայրուղին, իսկ 5 համայնքները միմյանց հետ կապ են հաստատում եւ՛ կարճ, եւ՛ ամենաժամանակակից ու նորանորոգ ճանապարհով»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: Աշխատանքներն իրականացրել են «Կապավոր» ՍՊԸ ճանապարհաշինարարները: Մարտունի- Վարդենիկ միջհամայնքային ճանապարհի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am