Շիրակի Մեծ Մանթաշ համայնքում իրականացվում են էրոզիայի կանխարգելման ծրագրեր  

19:08, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ)  «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ)  ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցը հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում մասնակցել են ԳՄՀԸ  ԿԻԿ ծրագրի կողմից կազմակերպված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նորա Անալակյանը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը,

բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ոլորտում աշխատող այլ միջազգային և տեղական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում մասնակիցները  այցելել են Մեծ Մանթաշ համայնքի անտառապատման և բիոինժեներական միջոցառումների տարածք: Համայնքում ծրագրի կողմից իրականացվող աշխատանքներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել ծառատունկ:

ԳՄՀԸ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի բաղադրիչներից մեկն է «Ինտեգրված էրոզիայի վերահսկողությունը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Վերոնշյալ ծրագիրը աշխատանքներ է իրականացնում Շիրակի և Արագածոտնի մարզի 10 ընտրված պիլոտային համայնքներում: Մեծ Մանթաշը այն պիլոտային համայնքներից մեկն է, որտեղ իրականացվում են անտառապատման և բիոինժեներական միջոցառումներ:

Էրոզիայի կանխագելման նպատակով էրոզացված տարածքներում իրականացվել է անտառապատման ծրագիր, որի շրջանակներում Շիրակի մարզի նաև Սարալանջ, Փոքր ՄանթաշՆահապետավան և Հառիճ համայնքներում կատարվել և ընթացքի մեջ են շուրջ 65 հա ընդհանուր մակերեսով տարածքի համայնքային անտառների հիմնման աշխատանքներ

Բացի վերը նշվածից, Սարալանջ համայնքում արոտների բարելավման նպատակով իրականացվել են նաև բիոինժեներական միջոցառումներ էրոզացված 1.5 հա տարածքի վրա:

 


© 2009 ARMENPRESS.am