Խաչատրյանական փառատոնի շրջանակներում կայացավ Երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի համերգը

14:26, 14 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ,  14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 13-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության երեկո էր. բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գալարափողահար  Գարեգին Ղազարյանը նշեց, որ իրենք ստեղծել են փողային երաժշտական գործիքների ոչ սովորական համադրություն և փորձում են երաժշտությունը ներկայացնել այս ձևաչափով։  Ըստ Գարեգին Ղազարյանի՝ պղնձափողային նվագարաններից կազմված անսամբլների համար գրված ստեղծագործություններն այնքան էլ շատ չեն, և իրենք համերգին ներկայացրել են ինչպես հատուկ այդ կազմի համար գրված գործեր, այնպես էլ փոխադրումներ։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են Դմիտրի Շոստակովիչի, Յան Սիբելիուսի, Ռիխարդ Վագների, Մարտին Ուլիխանյանի, Թեդ Ջոնսի ստեղծագործություններից։ Ներկայացվել են նաև արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ պղնձափողային կվինտետի համար։

Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն առաջիկա երկու ամիսներին ունկնդրին կներկայացնի սիմֆոնիկ և կամերային համերգներ։

Ի դեպ, Խաչատրյանի միջազգային փառատոնի կազմակերպիչները հնարավորություն են ընձեռում համերգներին ներկա գտնվելու նաև երաժշտական դպրոցների, ռազմական կրթօջախների սաներին` տրամադրելով հրավիրատոմսեր։ Պղնձափողային անսամբլի համերգը կամերային երաժշտության տանն ունկնդրում էին նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները։

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո։

 


© 2009 ARMENPRESS.am