Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

14:45, 13 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում հրդեհի հետևանքով մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ահազանգ է ստացվել առ այն, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատներից մեկում, որտեղ հայտնաբերվել է 2013թ. ծնված երեխայի դի՝ մասնակի այրված վիճակում:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի դատավարական այլ գործողություններ: Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման ժամանակ մանկահասակ երեխան տանը գտնվել է մենակ. մայրը մյուս երեք երեխաների հետ տանից բացակայել է:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրդեհի առաջացման պատճառները, երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


© 2009 ARMENPRESS.am