ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում

21:16, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժության շրջանակում հոկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, Սիրիայում տիրող ռազմաքաղաքական իրադրության և այդ շրջանակում իրականացվող գործողությունների վերաբերյալ դասախոսությամբ հանդես է եկել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ով նախկինում ղեկավարել է Սիրիայում ռուսաստանյան զորախումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասախոսությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան սպաներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հայ գործընկերներին պատմել է Սիրիայում «Իսլամական պետության» զինված խմբավորումների մարտավարության, դրա դեմ պայքարի ուղիների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարել ժամանանակից ռազմական գործողությունների վարման առանձնահատկություններին, հակամարտող գոտիներում անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի ձևերին և միջոցներին:

 


© 2009 ARMENPRESS.am