ԱՄՆ դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից հակաիսրայելական մոտեցման պատճառով

19:18, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ  տեղեկացրել է Միացյալ ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կառույցը լքելու որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները, նման որոշման համար հիմք են ծառայել մի շարք գործոններ՝ նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ցուցաբերվող հակաիսրայելական կանխակալ մոտեցումը:

Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեզեր Նաուերթի տարածած հայտարարությունում ասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի դեկտեմբերի 31-ից: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կպահպանի կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի որոշման կապակցությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է մոտ 200 պետություն:

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ն լքում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Նախադեպը տեղի է ունեցել նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք՝ 1984թ.-ին: Այն ժամանակ ԱՄՆ ղեկավարն ասել էր, որ կառույցը գործում է Խորհրդային Միության շահերից ելնելով: Հայտնի է, որ Միացյալ Նահանգները կրկին անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Ջորջ Բուշ-կրտսերի կառավարման ժամանակ՝ 2002թ.:

 


© 2009 ARMENPRESS.am