Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի ներկայացուցիչներին

18:21, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ներկայացուցիչ Յագշիմուրադ Աննամուրադովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաոլա Ալբրիտոնին կարևորել է ՀՀ բնապահպանության նախարարության դերն աղետների ռիսկերի կառավարման գործում` հատկապես կլիմայի փոփոխության գործընթացների համատեքստում: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանն առաջնային է համարել գլոբալ կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետների ռիսկերի կառավարման աշխատանքները և ընդգծել, որ այդ գործընթացն արդյունավետ իրականացնելու համար առաջնային նշանակություն ունի շրջակա միջավայրի հաշվառումը և տվյալների ստացումը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանի մակարդակով նման համալիր միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, ինչը կբարձրացնի կատարվող քայլերի արդյունավետությունը: Ճշգրիտ առաջնային տվյալների ստացումը և դրանց տրամադրումը որոշումներ ընդունողներին հնարավորություն կտա վերջիններիս արդյունավետ գործել:

Պաոլա Ալբրիտոն հայտնել է, որ Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել եվրոպական մեթոդոլոգիայի տեղայնացման և ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների և հմտությունների բարձրացման հարցերում: Կողմերը պայմանավորվել են սերտացնել համագործակցությունը կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնական պրոցեսների մոնիթորինգի, բնական աղետների ռիսկերի կառավարման հարցերում, և այդ նպատակով հայկական կողմից կներկայացվեն ծրագրային առաջարկություններ:

 


© 2009 ARMENPRESS.am