Վարչապետը հանձնարարում է ստեղծել այնպիսի տրանսպորտային ցանց, որի շնորհիվ ոչ մի բնակավայր դուրս չի մնա քարտեզից

15:24, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկման ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում: Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախատեսվում է երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները: Արդյունքում յուրաքանչյուր մարզի համար կընտրվի մեկ կամ երկու փոխադրող, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը և կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները: Օրինագծով առաջարկվում է միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի կազմակերպումը վերապահվել տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնին, որի արդյունքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը առավել փոխհամաձայնեցված և վերահսկելի կդառնան: Նախատեսվել է նաև երթուղային ցանցերի համաձայնեցման կարգի վերաբերյալ դրույթ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով օրինագծին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ստեղծվում է տրանսպորտային նոր ցանցը կարգավորող օրենսդրական դաշտը: «Մենք ուզում ենք առաջարկել այնպիսի տրանսպորտային ցանց, որի շնորհիվ ոչ մի բնակավայր դուրս չի մնա քարտեզից: Լոտեր կստեղծենք, որտեղ շահավետ, ոչ շահավետ խմբերին կհամախմբենք, որպեսզի բիզնեսի համար այն դառնա շահավետ: Նախատեսում ենք նաև երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողը համոզված լինի երկարատև աշխատանք ունենալու հարցում և ներդրում կատարի»,-ասաց վարչապետը: Ի պատասխան ցանցի ներդրման ժամկետների մասին հարցի՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախ մարզերից մեկում կիրականացվի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփելուց հետո քայլեր կձեռնարկվեն այն ողջ հանրապետությունում ներդնելու ուղղությամբ: Ըստ նախարարի՝ պիլոտային ծրագիրը կիրականացվի մոտակա երկու-երեք ամիսներին, իսկ ցանցի ներդրման համար կպահանջվի մեկ տարի:

Վարչապետը հորդորեց ցանցի ներդրման նախապատրաստման բոլոր աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում: «Առաջին եռամսյակի ավարտին, պիլոտային ծրագրերի արդյունքների հիման վրա, ամբողջ ցանցը պետք է նայենք: Նայելու ենք նրա տրամաբանությանը, գործող պայմանագրերը, ժամկետները և հայտարարելու ենք, թե ինչպիսի ցանց է լինելու, ինչպիսի ներդրողներ ենք ունենալու, ինչ հնարավորություններ է ցանցն ունենալու»:

 


© 2009 ARMENPRESS.am