Շևչենկոն շարունակում է միանձնյա գլխավորել Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» շախմատային մրցաշարի աղյուսակը

10:09, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկում տեղի ունեցան Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» շախմատային մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տուրում գրանցվեց 3 ոչ-ոքի: Մրցաշարի միանձնյա առաջատար Կիրիլ Շևչենկոն գրանցեց իր 6-րդ հաղթանակը. այս տուրում նրա մրցակիցն էր Արսենի Նեստերովը: Արամ Հակոբյանը հաղթանակ տարավ Թոր-Ֆրեդրիկ Կաասենի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ: Արագ ոչ-ոքի գրանցվեց Ռուսաստանի երկու ներկայացուցիչների՝ Կիրիլ Շուբինի և Սերգեյ Լոբանովի դիմակայությունում: Հաշտություն կնքվեց նաև Նիկոլոզ Կաչարավա-Մամիկոն Ղարիբյան պարտիայում, իսկ Պաուլյուս Պուլտինյավիչյուսը հաղթեց Ստեֆան Պողոսյանին:

 7-րդ տուրից հետո 6.5 միավորով աղյուսակը շարունակում է վստահորեն գլխավորել Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն: Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը իր ակտիվում ունի 6 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, 5.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հովանավորությամբ սթ հոկտեմբերի 3-16-ը Ջերմուկում անցկացնում է Եվրոպայի պատանեկան «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլը: Մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած մինչև 16 տարեկան 12 պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից:


© 2009 ARMENPRESS.am