Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը հետ է կանչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրություններից

21:17, 10 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ընտրությունների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտոնի համար՝ հետ կանչելով իր թեկնածությունը:

58 քվեներից ստանալով 20-ը՝ ընտրություններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, Ալ-Քաուարին գլխավորում էր թեկնածուների ցուցակը նաև ընտրությունների առաջին փուլում:  Երկրորդ փուլում մրցակցել են միայն վեց թեկնածուներ: Ընտրությունների երրորդ փուլը կկայանա վաղը, և եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների մեծամասնությունը, ապա կանցկացվեն նաև չորրորդ և վերջնական հինգերորդ փուլեր: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 13-ին:

Առաջին փուլում ընտրություններին մասնակցում էին յոթ թեկնածուներ՝ դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին Կատարից, Փոլադ Բյուլբյուլօղլուն Ադրբեջանից, Փամ Սան Չաուն Վիետնամից, Կյան Թանգը Չինաստանից, Վերա Էլ-Խուրի Լակյոլեն Լիբանանից, Օդրի Ազուլեյը Ֆրանսիայից և Մուշիրա Խաթաբը Եգիպտոսից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրենը, ով այդ պաշտոնում կփոխարինի Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովային, պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 15-ին:


© 2009 ARMENPRESS.am