Գոհ եմ հավաքականի անդամների ելույթներից Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարում. Կուրղինյան  

13:07, 9 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի կարծիքով, հավաքականի անդամները լավ են մասնակցել Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարին:

«Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ միջազգային մրցաշարի անցկացումը դարձել է ավանդույթ: Այն արդեն խոշորագույն մրցաշարերից մեկն է: Հավաքականի բոլոր անդամներն էլ հանդես եկան այս տարի: Միայն մի քանիսը բաց թողեցին մրցումները, քանի որ վնասվածք ունեին: Հիմնականում գոհ եմ հավաքականի անդամների ելույթներից: Աշխարհի առաջնությունից հետո սա նոր մրցափուլ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կուրղինյանը:

Գլխավոր մարզիչը խոսեց նաև Հայաստանի առաջիկա առաջնության մասին. «Մենք այս տարի դեռ Հայաստանի առաջնություն ունենք, որտեղ մարզիկները նոր քաշային կարգերում հանդես կգան, իսկ մրցակարգն էլ փոխված կլինի: Թերություններ կան մարզիկների մոտ, աշխատելու տեղ ունեն: Վալոդյա Ֆրանգուլյանը մեկ քաշ բարձր էր հանդես գալիս, իր համար նոր քաշ է, նա այլևս 61 կգ քաշային կարգում հանդես չի գա»,-ասաց մասնագետը:

Ըստ քաշային կարգերի չեմպիոններ դարձան Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Ռազամբեկ Ժամալովը (65 կգ), Զաուր Սիդակովը (70 կգ), Ավթանդիլ Կենտչաձեն (74), Արթուր Նայֆոնովը (86 կգ), Զնաուր Կոչիևը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):


© 2009 ARMENPRESS.am